Գլխավոր » Նորություններ  » Նոր Հայաստանում ժխտողականություն չպետք է լինի

Նոր Հայաստանում ժխտողականություն չպետք է լինի


Համաժողովրդական շարժման այս աննախադեպ պոռթկումը առաջին հերթին երկրում կոտրեց նեգատիվ տրամադրության քողը․ թեև շարժումն իր գաղափարախոսության հիմքում դրել է մերժողականությունը (Մերժիր Սերժին), սակայն ակնհայտ է, որ հանրային տրամադրության մեջ դրական էմոցիաներն աննախադեպ են։ Շատ կարևոր է, որ այդ էմոցիաները արդյունքում դառնան ստեղծարար էներգիա, այլ ոչ թե ուղղվեն արդեն իսկ գոյություն ունեցող լավի ոչնչացմանն ու քանդվածի վրա նորը կառուցելուն․ Դա առնվազն արդյունավետ չէ։

Մենք բոլորս գիտենք, որ մինչև վերջին զարգացումները, մեզանում արդեն վաղուց իշխում էր ամեն ինչ սևացնելու, լավին վատ ասելու սովորությունը։ Ծառ ես տնկում, ասում են՝ «էհ, ո՞ւմ է պետք, մեկ է՝ չորանլու է, ջարդելու են, թողելու՞ են, որ աճի»։ Միջոցառում ես կազմակերպում, ասում են՝ «Տեսնես որքա՞ն փող են կերել սրա անվան տակ»։ Հասարակության վատատեսությունն ու անվստահությունն ունի իր արմատները, որոնք այսօր պետք է վերջնականապես մոռացվեն։ Նոր Հայաստանում լավը պետք է համընդհանուր ճանաչում ստանա, իսկ վատը ենթարկվի առողջ քննադատության։ Շատ կարևոր է, ուստի, որպեսզի երեկվա ստեղծված լավը չսևացվի ու ընդունվի որպես դրական արժեք։

Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում Երևանում շատ բան է փոխվել, ավելացել են կանաչապատ տարածքները, ստեղծվել են գեղեցիկ զբոսայգիներ, եղածները ավելի խնամված են դարձել։ Չնայած դեռ կա փողոցների մաքրության խնդիր, բայց անհամեմատ ավելի կազմակերպված է դարձել աղբահանությունը, ավելացել են աղբամանները, տեղադրվել են գեղեցիկ նստարաններ, որոնք արդեն մի քանի տարի դարձել են քաղաքի այցեքարտը։

Քաղաքի կենտրոնական փողոցներում վերացել է փողոցային առևտուրը, որը նախկինում ուներ համատարած բնույթ։ Չնայած երթևեկությունը դեռ լուրջ կարգավորման կարիք ունի, բայց էական փոփոխություններ կան նաև գետնանցումների, վերգետնյա անցումների տեսանկյունից։

Երևանի բոլոր թաղամասերում բնակելի շենքերի բակերում կան խաղահրապարակներ, մաքուր ու կոկիկ բակային տարածքներ, որտեղ իրենց ժամանցն են անցկացնում թե՛ ծերերը, թե՛ մանուկները։ Արդեն վաղուց Երևանում խաղահրապարակների խնդիրը դադարել է գոյություն ունենալ որպես սոցիալական թեմա, բայց ինչո՞ւ այդ մասին չի հիշատակվում։ Հայաստանի մարզային բոլոր քաղաքներում դա շարունակում է մնալ որպես քաղաքային իշխանությունների առջև կանգնած խնդիր։

5-6 տարի առաջ մայրաքաղաքի համայնքների բնակիչները ժամանցի նպատակով գալիս էին բացառապես կենտրոն, մինչդեռ հիմա այդ խնդիրը չկա․ ամառային երևանի Երեկոները վայելելու բոլոր պայմանները հասանելի են մայրաքաղաքի բոլոր թաղամասերում։

Սա իհարկե չի նշանակում, թե Երևանում կյանքը բացառապես հիասքանչ է, չկան տրանսպորտային խնդիրներ, երթևեկության ծանրաբեռնվածություն, ենթակառուցվածքների աշխատանքի թերացումներ։ Բոլորխնդիրները պետք է լուծվեն աստիճանաբար՝ ի լրումն Երևանում կայացած դրական փոփոխություններին։




Հեղինակ՝ Դ․ Սիմոնյան 
 

Մեկնաբանություններ