Գլխավոր » Բուհ  » ԵՊՀ թիմը կրկին հաղթեց միջբուհական դատախաղ-մրցույթում

ԵՊՀ թիմը կրկին հաղթեց միջբուհական դատախաղ-մրցույթում


Սեպտեմբերի 22-ին և 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակեպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը:

Միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին, ուրախությամբ փաստեց, որ դատախաղ-մրցույթն արդեն ավանդական է դառնում. «Սա իսկապես իր տեսակի մեջ բացառիկ միջբուհական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու և դրսևորելու տեսական գիտելիքները»:

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերն անց են կացվել սեպտեմբերի 22-ին: Մրցող թիմերից յուրաքանչյուրը ներկայացել է երկու դիրքորոշմամբ՝ մեղադրող և պաշտպանող կողմ (մրցակիցներն ընտրվել են վիճակահանությամբ): Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած Երևանի պետական համալսարանի 2 և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերն իրենց ուժերը չափեցին եզրափակչում, որը տեղի ունեցավ այսօր:

Ժյուրիի կազմում էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը և այլ փաստաբաններ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ միջբուհական դատախաղում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի 2 թիմը:

Ինչպես և նախորդ տարի անցկացված մրցույթին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ, որոնք սահմանվել էին ինչպես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), ԵՊՀ-ի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, ՀՀ դատավորների միության, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ գլխավոր դատախազության կողմից: 


 

Մեկնաբանություններ