Գլխավոր » Բուհ  » Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական, աշակերտները պետք է պատրաստ լինեն դրան. Նախարար

Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական, աշակերտները պետք է պատրաստ լինեն դրան. Նախարար


Ավարտական դասարանների բոլոր աշակերտները նոր ուսումնական տարում, ամենայն հավանականությամբ, դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ, այդ մասին Արմավիրում կայացած 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են Գնահատման, թեստավորման կենտրոնի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք, վերջապես, ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը:

Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար», - նշել է նախարարը։

Նա նկատել է, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:

«Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, և այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենևին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն և ամենևին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները», - հայտարարել է Հարությունյանը:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը