Գլխավոր » Բուհ  » Ռեկտորների, պրոռեկտորների պաշտոնավարումը սահմանափակվում է մինչև 65 տարեկանը

Ռեկտորների, պրոռեկտորների պաշտոնավարումը սահմանափակվում է մինչև 65 տարեկանը


Ռեկտորների, պրոռեկտորների և բուհական համակարգում այլ ղեկավար մարմիններ զբաղեցնող անձանց համար հավասար տարիք է սահմանվում` 65 տարեկան` նախկին 70-ի փոխարեն: Սա սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով, որն այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Լ.Մկրտչյանը նշեց, որ շղթայված 2 հարց կա` ամբիոնը դիտել վարչակա՞ն, թե՞ գիտամանկավարժական և վարչական միավոր: Ըստ նրա` խնդիրն այն է, որ ամբիոնի վարիչն այսօր համատեղվող պաշտոն է, և կարող է ամբիոնի վարիչ լինել ոչ լիարժեք դրույքով: Նախարարի խոսքով` այս հարցերն են խնդիրներ առաջացրել և հարվածում են կրթական համակարգի որակին: Նա նշեց, որ հիմա դրվում է ղեկավար պաշտոն հասկացությունը, և առաջարկում են, որ ամբիոնի վարիչի, ռազմաուսումնական հաստատության պետի պաշտոնները չեն կարող իրականացվել՝ որպես համատեղությամբ աշխատանք, և պահանջում է լիարժեք ծանրաբեռնվածությամբ աշխատանք, այսինքն` ամբիոնի վարիչը որևէ այլ ղեկավար պաշտոն չի կարող զբաղեցնել:

Հանձնաժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ որոշվել է՝ գիտության խորհրդի ղեկավար լինելու համար սահմանվում է պարտադիր պահանջ, որ անձը պետք է լինի դոկտոր:

ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն առաջարկեց հոգաբարձուների ցանկը հաստատել այլ ձևով` ոչ թե վարչապետը, այլ նախարարը ստորագրի: Այն արժանացավ «Ելքի» աջակցությանը, սակայն ՀՀԿ-ականներն ընդդիմացան:

««Ելքը» չի սիրում վարչապետի ինստիտուտը»,- նկատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Կապրիզի խնդիր կա, բոլոր հիմնադրամների հարցը հաստատվում է հիմնադրի կողմից»,- ասաց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը պնդեց իր դիրքորոշումը. «Ես ոչ մի բան չեմ խառնում, ես խոսում եմ էն, ինչ գտնում եմ անհրաժեշտ»:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը