Գլխավոր » Բուհ  » Փոփոխություններ ԲՈՒՀ-երի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում

Փոփոխություններ ԲՈՒՀ-երի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում


ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացվել է գործադիրի հաստատմանը, առաջարկվում է փոփոխություններ կատարել բուհերի ընդունելության քննության եւ մրցույթի անցկացման կարգում: Նախատեսվող փոփոխությունները երեք ուղղությամբ են: Մեծ է հավանականությունը, որ նախագիծը կհաստատվի եւ որոշումը մասամբ կսկսի գործել արդեն այս տարվանից:

«Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին: Եթե ինչ-որ խնդիրներ, առարկություններ եղել են, դրանք քննարկվել են, եթե փոփոխությունների կարիք է եղել, փոխվել է, հիմա ուղարկվել է կառավարություն՝ հաստատման»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը՝ փոփոխությունների նախագիծը չընդունվելն, այդպիսով, քիչ հավանական համարելով:   

Փոփոխություն համար 1.

Նախատեսվում է միասնական քննությունների փոխարեն անցկացնել արտաքին գնահատում: Այսինքն՝ սովորողը հնարավորություն կստանա, ցանկության դեպքում չմասնակցել միասնական քննություններին եւ ընտրել գիտելիքներն ավելի վաղ՝ ավագ դպրոցում, ստուգվելու տարբերակը. քննություն հանձնել 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններում՝ մինչ այդ ուսումնասիրած թեմաներից եւ ձեւավորված գնահատականով ընդունվել բուհ:

Այս հեռանկարին անդրադառնալու առիթ նախկինում ունեցել ենք: Այժմ փոփոխությունը կառավարության որոշման տեսք է ստացել եւ հայտնի են նաեւ որոշ մանրամասներ:

«Եթե որոշումն ընդունվի, այս տարի աշնանը հայտագրումը կսկսենք: Բայց հիմնական ծրագիրը նախատեսված է 2019, 2020, 2021 թվականների համար: 2018-ի դեկտեմբերից կսկսենք 10-րդ դասարանից, կստուգվի հիմնական դպրոցի գիտելիքը: Իսկ արդեն հաջորդ տարի արտաքին գնահատմանը կարող են մասնակցել 10-րդ դասարանի աշակերտները եւ 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք նախորդ տարի արդեն քննություն են հանձնել եւ այդպես շարունակ»,- մանրամասնեց Արա Իսպիրյանը: 

Փոփոխություն համար 2.

Նախատեսվում է միասնական քննություն անցկացնել տարեկան երկու անգամ՝ հունվարին եւ հունիսին: «Եթե կարգը հաստատվի, 2019 թվականի աշնանը կսկսենք հայտագրում իրականացնել, իսկ արդեն 2020 թվականին առաջին անգամ կկարողանանք հունվարին անցկացնել միասնական քննություններ: Երկրորդը կլինի հունիսին: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունվարին հանձնել են եւ ցանկանում են պահպանել գնահատականը, կպահպանեն, ովքեր կցանկանան գնահատականը բարձրացնել, հնարավորություն կստանան միասնական քննության մասնակցել նաեւ հունիսին: Կամ, եթե ինչ-ինչ պատճառներով անբավարար գնահատական են ստացել, կկարողանան նորից հանձնել: Սա նախատեսված կլինի 19-20 ուստարվա դիմորդների համար»,- ասաց ԳԹԿ տնօրենը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե փաստորեն այս դեպքում աշակերտները միասնական քննություններին կարող են մասնակցել՝ դպրոցը դեռ չավարտած, նա նկատեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագիրն ավարտվում է դեկտեմբերին, իսկ վերջին կիսամյակը նախատեսված է կրկնողության համար:

Փոփոխություն համար 3.

«Հիմնական փոփոխությունը, որ այս տարվանից նախատեսում ենք իրականացնել, վերաբերում է մասնագիտական հայտագրման գործընթացին»,- ասաց Արա Իսպիրյանը: Դիմորդը սկզբում հնարավորություն կունենա հայտում լրացնել միայն մեկ մասնագիտություն՝ թեկուզ ընտրելով մի քանի բուհ: Այսինքն՝ օրինակ իրավագիտություն՝ ԵՊՀ-ում, իրավագիտություն՝ Սլավոնական համալսարանում եւ այլն: Առաջին հայտով մրցույթից դուրս մնացածները կարող են մասնակցել երկրորդ մրցույթին՝ նոր հայտեր լրացնելով արդեն բուհերում՝ ըստ թափուր մնացած տեղերի:

Առաջին հայտով մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 15-ին: Երկրորդ մրցույթի ժամկետը կլինի հուլիսի 15-30-ը: Կառավարության վերոնշյալ որոշման նախագծով միասնական քննությունների հիմնական փուլի անցկացումը նախատեսված է հունիսի 1-23-ը:

Ընթացիկ տարվա համար եւս մեկ նորամուծություն առնչվում է այն դիմորդներին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին: Հիշեցնենք, որ այս ծրագրի մասնակից ուսանողները տարկետման իրավունք են ստանալու պարտադիր զինվորական ծառայությունից, ուսումնառության տարիներից երեքի ընթացքում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի, իսկ այնուհետեւ լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության են անցնելու զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում: 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ, այս ծրագիրը նախընտրած դիմորդների համար կազմակերպվելու է լրացուցիչ քննություն: «Բոլոր նրանք ովքեր բուհ են ընդունվել եւ ցանկանում են «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցել, պետք է նաեւ խառը թեստավորում անցնեն, որն, ըստ էության, կոչվում է ընդհանուր զարգացածության թեստ: Դիմորդների գիտելիքները ստուգվելու են տրամաբանությունից, բնագիտությունից, հայագիտական առարկաներից»,- նշեց Արա Իսպիրյանը: Ըստ նախագծի, այս քննությունները կանցկացվեն հունիսի 24-30-ը՝ միասնական քննությունների հիմնական եւ լրացուցիչ փուլի միջանկյալ ժամանակահատվածում:

Հ.Գ. Այս տարվա միասնական քննություններին մասնակցելու համար հայտարագրվել է 5 100 դիմորդ՝ Հայաստանից եւ Արցախից (վերջնական ճշգրտումից հետո թիվը կարող է փոքր-ինչ փոփոխվել): Արա Իսպիրյանի խոսքով, ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշի ընդամենը 60 տոկոսն է: Պատճառը դպրոցների շրջանավարտների կանխատեսվող փոքր թիվն է:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը