Գլխավոր » Նորություններ  » Ոստիկանությունը ներկայացրել է կորած 14–ամյա Հայկի տեղաշարժման մանրամասները

Ոստիկանությունը ներկայացրել է կորած 14–ամյա Հայկի տեղաշարժման մանրամասները


Հունիսի 8-ին ժամը 17.00-ի սահմաններում 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Այդ մասին նույն օրը ժամը 23.50-ին ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչները զանգահարել են երեխայի հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հայկ Հարությունյանը հեռացել է նշված վայրից։

14–ամյա պատանուն հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել: 

 

 


Ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան որոնողական միջոցառումներ Այնթապ, Նոր Խարբերդ գյուղերում, Նորագավիթ թաղամասում, Երևան քաղաքում: Անցկացվել են հարցազրույցներ բնակչության շրջանում: 

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից հեռուստատեսությամբ լուսաբանվել է Հ. Հարությունյանի կորելու փաստը: 

Մայիսի 11–ին տվյալ փաստի կապակցությամբ կազմվել է հետախուզական գործ, ինչի շրջանակում համապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ: 

«Մայիսի 11–ին ժամը 22.50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացի Ա. Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ անչափահաս Հ. Հարությունյանի արտաքինով նման մի երեխայի մի քաղաքացի նկատել է Արագած գյուղից Ծաղկալանջ գյուղ տանող ճանապարհին»,– նշվում է հաղորդման մեջ։ 

Ներկայում հիշյալ և հարակից տարածքներում իրականացվում են որոնողական աշխատանքներ։ 

Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը