Գլխավոր » Բուհ  » Հայտնի են ԵՊՀ-ում անցկացվող ժայռամագլցման համահայկական բաց առաջնության հաղթողները

Հայտնի են ԵՊՀ-ում անցկացվող ժայռամագլցման համահայկական բաց առաջնության հաղթողները


Մարտի 21-ին ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ իրականացրեց դահլիճային ժայռամագլցման բաց առաջնություն:

«Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող առաջնությունը սկիզբն է այն գործի, որը դեռ երկար պիտի շարունակվի»,- մեզ հետ նախնական զրույցում ասաց «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբի մարզիչ Սուրեն Ստեփանյանը,- «Բոլորս գիտենք, որ 2020 թ.-ից լեռնագնացությունը մտնում է օլիմպիական սպորտաձևերի մեջ: Բնականաբար, մենք պիտի աշխատենք, հիմք ստեղծենք, որ հետագայում կարողանանք մասնակցություն ունենալ: Իսկ դրա համար պետք է ենթակառուցվածքներ ունենալ, զարգանալ, դառնալ միջազգային ֆեդերացիայի անդամ: Այս առաջնությունը մեծ քայլ է այդ ճանապարհին»:

 

Այսօր տեղի ունեցած առաջնությունն անցել է 2 փուլով: Մասնակցության հայտ ներկայացրած 83 մասնակիցների (40 տղա և 43 աղջիկ) համար Ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված մասնագետ Մեհդի Զենդեհկարը կառուցել է ուղի, ընդ որում՝ տղաների և աղջիկների համար տարբեր: Այնուհետև վիճակահանությամբ որոշված հերթականությամբ մասնակիցները մագլցել են սահմանված ուղիով:

 

Եզրափակիչ փուլ են անցել 11 տղա և 8 աղջիկ, որոնց համար նոր ուղի է կառուցվել: Այս փուլում հերթականությունն արդեն որոշվել է նախորդ փուլում ունեցած արդյունքների հիման վրա. նվազագույն արագությունը ցուցաբերած մասնակիցը մագլցել է առաջինը, իսկ առաջին փուլն ամենաարագը հաղթահարած մասնակիցը մագլցել է վերջինը:

 

Եզրափակչում լավագույն արդյունքները ցուցաբերելու համար տղաների մրցույթում հաղթող ճանաչվեցին Լևոն Մովսիսյանը (ԵՊՀ), Արտավազդ Բոյաջյանը (ԵՊՀ) և Արեգ Սահակյանը, իսկ աղջիկների միջև պայքարում հաղթեցին Էմմա Կոստանյանը (ԵՊՀ), Անուշկա Խաչատրյանը և Անի Սիսակյանը (ԵՊՀ), որոնք ստացան համապատասխանաբար ոսկյա, արծաթյա և բրոնզե մեդալներ: Հաղթողները նվերներ ստացան նաև «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբի գործընկեր «Camp.am»-ի կողմից:

 

Միջոցառման խորհրդանշական հուշանվերներ տրվեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Ռուդիկ Բարսեղյանին և ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Աղվան Չատինյանին, ինչպես նաև առաջնության ուղիների կազմող Մեհդի Զենդեհկարին:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը