Գլխավոր » Շոուբիզնես  » Էմմիի դպրոցական բարի ու անկեղծ հուշերը

Էմմիի դպրոցական բարի ու անկեղծ հուշերը


Իր «ոսկե բանալիով» հայ երգարվեստում նոր հարթություն «կերտեց» մեր  զրուցակիցը՝ Էմմին, մարդ, որն իր աշխատասիրության, առաջ գնալու մեծ ցանկության ու տաղանդի շնորհիվ իր ուրույն տեղը  հաստատեց հայրենական շոու-բիզնեսում: Եվ ահա, ուշադրության է արժանի նրա՝ մեր կայքին անցյալ տարի տված անկեղծ ու հետաքրքիր բացառիկ հարցազրույցն իր դպրոցական տարիների մասին, որն էլ և ներկայացնում ենք ՔԵԶ:

-  Դե, սկսենք մեր պատմական էքսկուրսը դեպի դպրոցական տարիներ, պատրա՞ստ ես:
-   Սիրով, գնացինք ))

-  Ո՞ր դպրոցն ես հաճախել:
- Ի սկզբանե պատերազմ էր գնում մեր ընտանիքի և ընտանիքի ընկերների միջև. արդյո՞ք ես հայկական դպրոց եմ հաճախելու, թե` ռուսական: Բարեբախտաբար այն մարդիկ, ովքեր ուզում էին, որ ես հաճախեմ ռուսական դպրոց և ստանամ ռուսական կրթություն «փրկվեցին» և պատերազմի մեջ չընկան, քանի որ այդ տարի փակվեցին բոլոր ռուսական դպրոցները:
Առաջին իսկ դասարանից հաճախել եմ մեկ դպրոց` Կրուպսկայայի անվան համար 19 միջնակարգ դպրոցը, որն ավելի ուշ վերանվանվեց Նիկոլ Աղբալյանի անվան:

- Կպատմե՞ս մեզ դպրոցական առաջին օրերիդ մասին:
-  Շատ լավ եմ հիշում դպրոցական տարիների բոլոր լավ օրերը, բնականաբար նաև առաջին օրն էլ: Ցավոք  սրտի,  ես միշտ ցանկացել եմ հաճախել առաջին հերթ, բայց ստացվեց այնպես, որ առաջին մի քանի տարիների ընթացքում բախտս չբերեց:
Ասեմ, որ մեր դասարանը, հենց առաջին օրվանից, բավական աշխույժ դասարան է եղել: Եվ դրա վառ ապացույցն էլ այն է, որ մենք մինչ օրս էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Ասեմ ավելին. ուղիղ քսան օր առաջ մենք հավաքվել էինք դասարանով:

- Երեխաների մի մասը չի ցանկանում գնալ դպրոց` պատճառաբանելով, որ այնտեղ շատ անհետաքրքիր է: Իսկ դու ինչպիսի՞ն ես եղել:
– Ես սիրել եմ դպրոց գնալ, որովհետև ինձանից ոչ մի բան չէր գնում (ժպտում է,- խմբ.): Ես փողոցն անցնում էի ու հայտնվում դպրոցում, ինչու՞ պետք է ինձ համար վատ լիներ: Կան բաներ, որոնք չեմ սիրել, որովհետև չի ստացվել ինձ մոտ. դա մաթեմատիկա առարկան էր: Բայց, անկախ ամեն ինչից, շատ եմ սիրել բոլոր դասատուներին, կարծում եմ, որ նրանք էլ` ինձ:

- Երբ առաջին անգամ մուտք գործեցիր դպրոց, ի՞նչը կամ ո՞վ տպավորություն թողեց քեզ վրա:
– Նախ, երբ առաջին անգամ մտնում ես դպրոց, ամեն ինչ շատ-շատ է թվում: Շատ երեխաներ էին դպրոցի բակում: Կհիշեք, այն ժամանակ աշակերտները շարքեր կազմած էին մտնում դպրոց: Այ հենց այդպիսի բաներն են տպավորվել: Ասեմ, որ ես անգամ մեկ տարի դպրոցական համազգեստ եմ հագել, որը, ի դեպ, ինձ ուղարկել էր իմ հորաքույրը Մոսկվայից:

- Ո՞վ էր նստում քո կողքին, և որ շարքում էիր նստում:
– Շատ հետաքրքիր հարց էր: Առաջին-երկրորդ նստարանից այն կողմ ես երբեք չեմ նստել, որովհետև հասակս չի համապատասխանել: Հիմնականում երկու անգամ է իմ զույգը փոխվել. առաջին դասարանում նստել եմ Ախոյան Գարիկի կողքին, ապա` Թորոսյան Սուրենի, մի կարճ  ժամանակահատված նստել եմ Ստեփանի կողքին, ապա ավարտական դասարանում` Մայայի կողքին, չնայած որ ինքը շատ բոյով էր:

-  Իսկ կպատմե՞ս մեզ դպրոցում քո առաջին լուրջ կոնֆլիկտի մասին:
- Ես ունեի մի օրագիր, որի մեջ գրում էի ամեն բան բոլորի մասին: Եվ այդ օրագիրը հանկարծակի հայտնվում է դասարանի աղջիկներից մի քանիսի ձեռքում, որոնք էլ կարդում են այն ու պատռում ))  Ամեն դեպքում դրա մասին մենք հիշում ենք շատ լավ` ծիծաղելով: Դա, երևի թե եղել է առաջին ու վերջին կոնֆլիկտը:

-  Ո՞ր առարկան ես ամենաշատը սիրել:
– Միշտ սիրել եմ ռուսաց լեզուն, բայց մյուսներն էլ են ինձ համար հետաքրքիր եղել: Եթե ես դպրոց եմ գնացել, ապա դասի ընթացքում հետևել եմ դասին և երբեք չեմ խանգարել այն:

-  Ի՞նչ առաջադիմությամբ ես սովորել դպրոցում:
-  Նորմալ: Ես երբեք գերազանցիկ չեմ եղել:

- Ծնող կանչե՞լ են:
– Այո, շատ` ծնողական ժողովներին:))

- Իսկ տիկին Նադյայի հանգամանքը ինչպե՞ս է անրադարձել դպրոցում:
– Նրան տեսել են առաջին դասարանում և վերջում: Իսկ ինչու վերջում տեսան, որովհետև մեր վերջին զանգի հանդեսը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով ու ինչու չէ` նաև նրա օգնությամբ: Բերվել էր բարձրակարգ տեխնիկա, անգամ` «Շուռ» բարձրախոսներ, ի դեպ, որի համար ողջ դասարանը դողում էր, որովհետև, ի սկզբանե զգուշացվել էր, որ այդ բարձրախոսները շատ թանկ արժեն:

- Վերջին զանգի սցենարի մասին ի՞նչ կպատմես մեզ:
- Շարունակելով Վերջին զանգի թեման` ասեմ, որ ունեինք շատ լավ ընկերներ ՈՒՀԱ-ից, ովքեր մեզ օգնեցին սցենարի հարցում, և, արդյունքում ստացվեց շատ հումորային ներկայացում: Մեր դասարանի Միկան այդ օրը նմանակում էր` սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած դպրոցի դասատուներով: Անգամ այս պահին հիշեցի մեր Վերջին զանգի երգը` Էրոս Ռամազոտիի և Շերի զուգերգն էր: Իսկ բառերը, եթե չեմ սխալվում, փոխել էինք այսպես.
«Ահա և վերջ, վերջին զանգեր,
Տանում են մեզ դեպի դպրոց,
Վերջին անգամ ենք մենք այստեղ կանգնած:
Ու կրկին, հուշերում, մենք կհիշենք քեզ հարազատ դպրոց…» 
Դե, ինչպես նշեցի արդեն, մենք մեր դասարանի համար բերել էինք բարձրակարգ տեխնիկա, անգամ հնչյունային ռեժիսոր կար: Բայց ասեմ նաև այն, որ մենք այդ օրը փոքր-ինչ էգոիստություն արեցինք, որը և կարելի էր չանել: Երբ մեր ելույթն ավարտվեց, մենք հավաքեցինք մեր տեխնիկան`«Լավ» բարձրախոսները, իսկ մյուսներին տվեցինք սովետական` «ՎԱՏ» բարձրախոսներ: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մեզ սովորեցրել էին ինչպես բռնել բարձրախոսը, ինչպես վարվել նրա հետ: Մենք դա արդեն գիտեինք, իսկ մյուսները` ոչ:

 

-  Իսկ դպրոցում զավեշտալի դեպքեր եղե՞լ են:
- Այո, իհարկե, շատ, բայց այս պահին հիշեցի մի պատմություն, որի մասին մինչ օրս հիշում ենք բոլորս, անգամ` դպրոցի ուսուցիչները: Վերջին տարիներն էին` ստույգ չեմ հիշում, իններորդ, թե տասներորդ դասարանում էինք, ստացվել էր այնպես, որ այդ ժամանակ ռուսերենից բոլորս հինգ էինք ստանում, իսկ մատյանն էլ շողշողում էր միմիայն հինգերով: Կլիներ անգիր, պատմելու նյութ, կամ ցանկացած այլ հանձնարարություն, միևնույն էր, մենք հինգ էինք ստանում: Ասեմ` ինչումն էր խնդիրը. դասը սկսելուց առաջ գրատախտակին հայերեն տառերով գրում էինք «ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ», ամիս ամսաթիվ, իբրև նախորդ ժամի հայերենից մնացած տեքստ է, ապա տակը դարձյալ հայերենով գրում էինք ռուսերենի այդ օրվա հանձնարարությունը: Մեր բախտից ռուսերենի դասատուն հայերեն կարդալ չգիտեր:)))

-  Ու ե՞րբ բացահայտվեց:
-Դե, նախ ասեմ, որ այդ երևույթը շարունակվեց մեկ-երկու ամիս: Մի օր էլ դասղեկին տնօրինությունից հարցնում են՝ ինչպես է, որ բոլորը հինգ են ստանում, նա էլ որոշում է ռուսերենի դասաժամին գալ դասարան: Մտնում է ու … ու վերջ: Ճիշտ է, մեզ ամոթանք տվեց, բայց և սկզբում չթաքցրեց ծիծաղը: Մեր բախտը շատ էր բերել դասղեկի առումով: Շատ լավ կին էր, հիանալի մանկավարժ ու որ ամենակարևորն է` երիտասարդ մտածելակերպ ուներ: Բայց դա չէր նշանակում, որ խիստ չէր:

- Ի՞նչ զգացիր, երբ ավարտեցիր դպրոցը:
-  Զգացի, որ էլ չեմ լինի ես 20 տարեկան:)) Շատ տխուր էր ինձ համար դպրոց ավարտելը: Ասեմ, որ դպրոցն ավարտելուց հետո շուրջ չորս տարի շարունակ մենք դասարանով գնում էինք դպրոցի Վերջին զանգի հանդեսներին, որովհետև շատ-շատերը մեր ընկերներն էին:
Բայց մեր դպրոցն ունի մի շատ հետաքրքիր ավանդույթ: Ամեն տարի Վերջին զանգի արարողությանը դպրոց է հրավիրում այն շրջանավարտներին, որոնք ինչ-ինչ առնչություն ունեն շոու բիզնեսի հետ. ես, Արամոն, այն ժամանակ նաև Աննա Արմենակյանը մեծ հաճույքով ընդունում ենք հրավերն ու մեր ելույթով ողջունում շրջանավարտներին:

-Կարո՞ղ ես համեմատել այսօրվա դպրոցն ու քո ժամանակվանը:
– Եթե մեր ժամանակ համակարգիչը լիներ այնքան զարգացած, որքան հիմա, ապա նոր կարող էի համեմատել: Կարծում եմ` մեր ժամանակ մենք սիրում էինք կարդալ, տեղեկություններ քաղել գրքից, թերթել գրքերը: Այսօրվա սերունդը ապրում է սոցիալական կայքերում. սերը դեպի գիրքը հիմնականում էլ չկա: Դա վատ է: Սոցիալական կայքը կարող է լինել, բայց չափավոր, իսկ դա գալիս է ծնողների ուշադրությունից: Պետք է հասկանան, որ երեխային համակարգիչը կարող է օգնել, ինչու չէ` նաև կրթել, այն դեպքում, երբ երեխան ունի իսկական կրթություն, խոսքս դպրոցական կրթության մասին է:

- Իսկ դու քեզ դասատուի դերում պատկերացնու՞մ ես:
– Եթե ինձ այս հարցն ուղղեիք մեկ ամիս առաջ, ապա կասեի` ՈՉ: Իսկ ինչու հիմա այո, որովհետև այժմ ես Մշակույթի պետական քոլեջում դասավանդում եմ «Ոճաբանություն» առարկան: Փորձում եմ իմ գիտելիքները փոխանցել իմ ուսանողներին:

- Եվ, վերջաբանի փոխարեն…
– Ես ուզում եմ խոսքս ուղղել աշխարհի բոլոր դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին. ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ, բայց, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի նման դպրոց ինձ համար ու իմ կյանքում ոչ մի դպրոց չի կարող լինել…

—————–

Մենք զրուցել ենք նաև Էմմի դասղեկի` Մարինե Ունոսյանի հետ, իմանալու՝ ինչպիսի՞ն էր Էմմին դպրոցական տարիներին:
- Բավականին ակտիվ, աշխույժ աղջիկ էր, բավականին համակրելի, ընկերասեր, հենց մտա դասարան, ինքը իր անմիջականությամբ աչքի ընկավ, հետո ծանոթացանք, իմացա որ երգում է «Հայեր» խմբում: Էմմին, կարելի է ասել, դասարանի համար շատ լավ աշակերտի, շատ լավ մարդու տեսակ է եղել:

- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք Ձեր և Էմմիի հետ կապված:
– Մի օր նկարահանումներից եկավ դպրոց, մազերը գունավոր ներկած, ես շատ շոկային իրավիճակում էի, ջղայնացա իր վրա, բայց նա ուներ մոտը ինչ-որ հետաքրքիր կեղծամներ, որոնց հերթով դնում փոխում էր, և այդպես ինձ բավականին զվարճացրեց այդ օրը:

- Դուք դասավանդում էիք հայոց լեզու և գրականություն առարկաները: Ինչպիսի՞ն էր Էմմին Ձեր դասերի ժամանակ:
- Գրականությունն ավելի շատ էր սիրում, սովորում էր բոլոր բանաստեղծություններն անգիր, ամեն դեպքում, ավելի մեծ էր սերը դեպի գրականությունը, քան` հայոց լեզուն:

- Եվ վերջում Ձեր բարեմաղթանքը Էմմիին:
- Նրան շատ սիրում եմ, մաղթում եմ ամենայն բարիք. թող ժպիտը միշտ անսպառ լինի նրա դեմքից, նա արժանի մարդ է, տա Աստված` ունենա բազմաթիվ ստեղծագործական և անձնական հաջողություններ:

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը